ԼՂՀ Ազգային ժողովը նոյեմբերի 25-ի լիագումար նիստում պատգամավորական խումբ-խմբակցությունների անունից ընդունել է համայն հայությանն ուղղված Դիմում` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից այդ օրն անցկացվող հեռուստամարաթոնի կապակցությամբ: Դիմումի մեջ մասնավորապես ասվում է.« Այսօր մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Մինչ այդ Ռուսաստանում եւ Եվրոպայում անցկացվել են հանգանակություններ: Այդ ամենն արվում է ի շահ Արցախի, Հայաստանի եւ հայ ժողովրդի»:
«Մեր ուժը մեր միասնականությունն է: Եւ դա կարող ենք եւս մեկ անգամ ապացուցել` միանալով համազգային դրամահավաքին, որից գոյացած միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում սոցիալական հրատապ խնդիրների լուծմանը:
Այս օրերին Միացյալ Նահանգներում գտնվող ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ամերիկահայ քաղաքական, հասարակական եւ գործարար շրջանակների հանրաճանաչ դեմքերի, հանրության ներկայացուցիչների հետ, քննարկել հեռուստամարաթոնի կարեւորության եւ դրա անցկացման հետ կապված հարցեր:
Կոչ ենք անում բոլորին` արժանի մասնակցություն ունենալ համազգային միջոցառմանը` ի բարօրություն մեր ժողովրդի, հանուն մեր նվիրական իղձերի իրականացման»,-ասվում է դիմումի մեջ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: