25 նոյեմբերի 2010 - 18:22 AMT
Հայաստանում կներդրվի հեռաբժշկության համակարգ

Նոյեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր հեռաբժշկության ոլորտում` հեռաբժշկության համակարգի ներդրման ծրագրում ընդգրկված տարածաշրջաններում բուժսպասարկման որակի բարձրացման և մատչելիության ապահովման, ինչպես նաև բժիշկների մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով:

Հուշագրի կնքման համար հիմք է հանդիսացել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համաձայնագիրը, որով նախատեսվում է երկու տարվա ընթացքում Հայաստանում իրականացնել հեռուստաբժշկության համակարգի փորձարարական ծրագիր Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ:

ՀՀ հեռաբժշկության համակարգի փորձարարական ծրագրի իրավասու մարմիներ են հանդիսանում ՀՀ առողջապահության և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները: Ծրագրի համակարգող և իրականացնող կազմակերպությունն է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ԲԲԸ-ն:

Ծրագրի առաջին տարում նախատեսվում է թիրախային հաստատություններում ձևավորել անհրաժեշտ հզորություններ, հաստատությունները հագեցնել անհրաժեշտ սարքավորումներով և անցկացնել անձնակազմի ուսուցման դասընթացներ: Ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել փորձարարական համակարգի գործարկում և արդյունքների մոնիտորիգ: