25 նոյեմբերի 2010 - 19:46 AMT
Երևանում երեխաները ներկայացրել են ընտանեկան բռնության խնդիրներն իրենց աչքերով

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը նոյեմբերի 25-ին կազմակերպել է «Բռնությունը երեխաներիր աչքերով» ցուցահանդեսը, որտեղ ներառված են ընտանեկան բռնության ենթարկվող երեխաների աշխատանքները:

Ցուցահանդեսը նվիրված է «Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի» միջազգային օրվան, որին մասնակցում են «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան» հիմնադրամը և «World Vision» կազմակերպությունը:

Միջոցառումը նվիրված է Զարուհի Պետրոսյանի հիշատակին, ով հոկտեմբերի 1-ին մահացավ ընտանեկան բռնության արդյունքում: Վերոհիշյալ միջոցառումների նպատակն է` բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը ընտանեկան բռնության վերաբերյալ:

«Մենք պետք է ընդունենք մեր հասարակության մեջ այս հիմնախնդրի առկայությունը»,- նշեց Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն Մարի Մաթոսյանը:

Չնայած ընտանեկան բռնության ակնհայտ փաստերի` հայաստանյան իշխանությունները և զանգվածային լրատվական միջոցները շարունակում են ժխտել, անտեսել կամ նվազեցնել խնդրի գիտակցման և ճանաչման կարևորությունը:

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը USAID-ի և AIWA –ի հետ համատեղ Շենգավիթ վարչական շրջանում հիմնեց «Կանանց աջակցման կենտրոն»-ը, որի նպատակն է համալիր ծառայություններ մատուցել բռնության ենթարկված կանանց և նրանց ընտանիքներին, հաղորդում է Թուֆենկյան հիմնադրամի մամլո ծառայությունը: