27 նոյեմբերի 2010 - 13:31 AMT
Ադրբեջանում ինտերնետ-գրաքննություն կներմուծվի

Ադրբեջանի մամուլի խորհուրդը կհետևի Ադրբեջանի լրատվական ինտերնետ-ռեսուրսների լրագրողների կողմից մասնագիտական էթիկայի կանոնների պահպանմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի մամուլի խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշևը:

«Ադրբեջանում որոշ դեպքերում լրագրողները խախտում են մասնագիտական էթիկայի կանոնները: Մամուլի խորհուրդն ընդլայնեց իր գործունեությունն այդ ոլորտում: Մենք արդեն սկսել ենք ինտերնետ-ռեսուրսների հետ կապված բողոքների ընդունումը: Այսուհետ բոլոր բողոքները քննվելու են»,-ասել է Ամաշևը:

Ներկայումս Ադրբեջանում գործում է շուրջ 20 հայտնի լրատվական ինտերնետ-ռեսուրս: Ըստ Ամաշևի, առաջարկ կա վերահսկողություն սահմանել նաև ինտերնետում սոցիալական ցանցերի հանդեպ: «Մի շարք ահաբեկչական կազմակերպություններ նման ցանցերի միջոցով քարոզում են իրենց գաղափարները, ուստի այստեղ ևս հարկավոր է վերահսկողություն սահմանել»,-ասել է Ամաշևը, հաղորդում է Թրենդ գործակալությունը: