Լիմասսոլում ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 85 և 94 կգ քաշային կարգերում ելույթ ունեցան երեք հայ ծանրամարտիկներ:
Աղվան Մելիքյանը (94 կգ ք/կ) դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր: «Պոկում» վարժությունում նա բարձրացրեց 171 կգ, իսկ «հրում» վարժությունում, օգտագործելով իր բոլոր երեք մոտեցումները, կարողացավ 205 կգ բարձրացնել: «Երկամարտի» արդյունքում Մելիքյանը 376 կգ-ով զբաղեցրեց երրորդ տեղը:
Նորայր Վարդանյանը, որը նույնպես հանդես է գալիս այդ նույն քաշային կարգում, 361 կգ-ով զբաղեցրեց հինգերորդ տեղը: 379 կգ-ով Եվրոպայի չեմպիոն դարձավ Անատոլի Ցիրիցուն (Մոլդովա):
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արամ անդրիկյանը (85 կգ) «պոկում» վարժությունում բարձրացրեց 153 կգ, սակայն «հրում» վարժությունում չկարողացավ ֆիքսել քաշը և զրո միավոր ստացավ:
Նոյեմբերի 27-ին իր ելույթը մեկնարկեց Հայաստանի նախավերջին ներկայացուցիչ Արթուր Հակոբյանը (105 կգ) և «երկամարտի» արդյունքում 340 կգ-ով զբաղեցրեց միայն 7-րդ տեղը:
Նույն օրը ելույթ կունենա նաև ծանրամարտիկ Հայկ Հակոբյանը: