27 նոյեմբերի 2010 - 18:31 AMT
Երևանում բացվեց լուսանկարների առաջին «Ոչ ստանդարտ» ցուցահանդեսը

«Հայաստանի ֆոտոարվեստի խորհուրդն» առաջին անգամ Հայաստանում նոյեմբերի 27-ին Երևանում կազմակերպեց «Ոչ ստանդարտ» ցուցահանդես, որի միջոցով կոչ է անում որակ ապահովել ցանկացած ոլորտում` լինի դա արվեստ, արհեստ կամ որևէ այլ բան:

Հայկ Սենեքերիմյանի «Ամեն գործում որակն է կարևոր» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են իրենց գործի լավագույն վարպետների լուսանկարներ, այնպիսի վարպետների, ինչպիսիք են դերասան Սոս Սարգսյանը, հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը, շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, հաղորդավար Գոհար Գասպարյանը, «Վիտամին» ակումբը, «Դորիանս» ռոք-խումբը և այլն:

«Հայաստանի ֆոտոարվեստի խորհուրդը» ստեղծվել է 2010 թվականին մի խումբ պրոֆեսիոնալ և սկսնակ լուսանկարիչների, ինչպես նաև լուսանկարչական արվեստը գնահատողների կողմից: Խորհրդի նպատակն է Հայաստանում ֆոտոաարվեստի զարգացումը զանազան միջոցառումների միջոցով, ինչպես նաև դրա հանդեպ հետաքրքրության բարձրացումը: