29 նոյեմբերի 2010 - 11:46 AMT
ԱՄՆ Պետքարտուղարությունը սպառնացե՞լ է Հայաստանին պատժամիջոցներով

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Նեգրոպոնտեն նամակ է հղել ՀՀ նախագահին, որտեղ մտահոգություն է հայտնել Իրանին զենք վաճառելու առնչությամբ: Ինչպես հաղորդում է Wikileaks կայքը, այդ մասին ասվում է Նեգրոպոնտեի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի նամակում: «Չնայած մեր երկրների միջև հաստատված սերտ հարաբերություններին, ոչ ԱՄՆ վարչակազմը, ոչ ԱՄՆ Կոնգրեսը չեն կարող անտարբեր մնալ այս հարցում: Այս հարցը կքննարկվի Հայաստանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը որոշելու համար»,-գրում է Նեգրոպոնտեն:

Ասվում է նաև, որ Իրանը ԿԺԴՀ-ից ձեռք է բերել ռուսական օրինակով պատրաստված ժամանակակից հրթիռներ, որոնց թռիչքի հեռավորությունը թույլ կտա Իրանին հարված հասցնել ինչպես Արևմտյան Եվրոպայի երկրների մայրաքաղաքներին, այնպես էլ՝ Մոսկվային:

Նախօրեին Wikileaks կայքը աշխարհի առաջատար ԶԼՄ-ներին է փոխանցել ԱՄՆ Պետդեպարտամենտի շուրջ 250 հազար նամակները, որոնք աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների ծառայողական ու գաղտնի գրառումներն են: