29 նոյեմբերի 2010 - 15:02 AMT
WikiLeaks-ի հիմնադիրը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել

ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հրապարակումների պատճառով WikiLeaks կայքի հիմնադիր ավստրալացի Ջուլիան Ասանջը կարող է կանգնել ավստրալական դատարանի առաջ:

«Այդ տեղեկատվության հրապարակումը կարող է վնասել մարդկանց անվտանգությանը, որոնք հիշատակված են փաստաթղթերում, և վնասել ԱՄՆ ազգային անվտանգության շահերին և նրանց դաշնակիցներին»,- ասել է Ավստրալիայի գլխավոր դատախազ Ռոբերտ Մաքքելանդը:

Նրա խոսքերով, ավստրալական կառավարությունն արդեն ստեղծել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է WikiLeaks-ի հրապարակումների հնարավոր հետևանքների ուսումնասիրությամբ:

Ինչպես նշել է Մաքքելանդը, այդ փաստաթղթերի հրապարակումը «խախտել է ՔՕ մի շարք հոդվածներ», գրում է «The Australian» թերթը:

Ավստրալական ոստիկանությունն արդեն հետաքննություն է վարում երկրի օրենսդրության հնարավոր խախտման մասին` կապված WikiLeaks-ի հրապարակումների հետ:

Նախօրեին WikiLeaks կայքը համաշխարհային մի շարք ԶԼՄ-ների փոխանցել է ամերիկյան կառավարության գաղտնի ծառայողական փաստաթղթեր, որոնք վերաբերվում են ԱՄՆ և Եվրոպայի երկրների հարաբերություններին, սակայն որոշ փաստաթղթեր վերաբերվում են ԱՄՆ և Ասիայի երկրների միջև կապերին: