Նոյեմբերի 29-ին Երևանի «Նարեկացի» Արվեստի կենտրոնում բացվեց հայ նկարչուհի Մարո Սարգսյանի «Փարիզյան տպավորություններ» խորագրով ցուցահանդեսը: «Ես Փարիզից մոտ 20 օր առաջ եմ վերադարձել և շատ կուզենայի կիսվել այնտեղից ինձ հետ բերած տպավորություններով ու զգացողություններով»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարո Սարգսյանը:
Նրա խոսքով, բոլորը, ովքեր ծանոթ են նրա ստեղծագործությանը, անմիջապես կնկատեն այս ցուցահանդեսի գաղափարի թարմությունը: «Ինձ համար դա ինչ-որ նոր բան է ինչպես գույների ու ներկերի, այնպես էլ թեմատիկայի առումով, քանի որ ես հիմնականում դիմանկարներ եմ նկարում»: Նկարչուհին նշեց, որ այդ ցուցահանդեսի միջոցով ցանկանում էր հաղորդել «փարիզյան թեթև շունչն ու Փարիզին բնորոշ ռոմանտիզմը»:
Նկարիչների միության նախագահ, պրոֆեսոր Կարեն Աղամյանն իր հերթին նկատեց, որ «Փարիզյան տպավորությունները» գեղեցիկ երաժշտություն են հիշեցնում: «Այս ցուցահանդեսը բացահայտում է նկարչուհու տաղանդի բազմակողմանիությունը, դրանում զգացվում է շրջակա միջավայրի հանդեպ սերը»,- ասաց Աղամյանը: