30 նոյեմբերի 2010 - 14:24 AMT
Արմեն Հովհաննիսյան. Երևանում տարեկան անցկացվում է կրծքի 100 վիրահատություն

«Մեր երկրում պլաստիկ վիրահատությունների շարքում քթի վիրահատությունից հետո երկրորդ տեղում են կրծքի և փորի վիրահատությունները, ընդ որում կրքծի վիրահատություններ կատարվում են կուրծքը մեծացնելու, ինչպես նաև փոքրացնելու համար»,- նոյեմբերի 30-ին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով, ամենատարեց այցելուն, որը որոշել է փոքրացնել կուրծքը, եղել է 64-ամյա կին: «Կրծքի մեծացման համար նախատեսված իմպլանտանտները պատվիրվում են արտասահմանում: Դրանք արժեն 700-1000 եվրո: Արդեն ապացուցված է, որ եթե վիրահատությունից առաջ կրծքագեղձերն առողջ են, ապա իմպլանտանտը չի կարող լինել չարորակ ուռուցքների առաջացման պատճառ»,- ասել է նա:

Նա նաև նշել է, որ Երևանում տարեկան անցկացվում է կրծքի 100 վիրահատություն:

Իր հերթին, Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ Գնել Անանյանը նշել է, որ քթի վիրահատությունների քանակը Հայաստանում ամեն տարի ավելանում է 10-15 տոկոսով:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին Հայաստանում պլաստիկ վիրահատությունների որակի մասին, Հովհաննիսյանը պատասխանել է, որ «քանի որ Հայաստանում շատ բարձր մակարդակում ոչինչ չկա, ապա պլաստիկ վիրահատությունը նույնպես բացառություն չէ»: «Կարող եմ ասել, որ այն մեզ մոտ միջին մակարդակում է և համապատասխանում է սոցիալական և տնտեսական կարգավիճակին»,-ասել է նա և հավելել, որ էսթետիկ պլաստիկ վիրահատությունների գները Հայաստանում ավելի ցածր են, քան զարգացած երկրներում: