1 դեկտեմբերի 2010 - 15:16 AMT
Մանվել Սարգսյան. ԱՄՆ Պետդեպարտամենտի նամակների գաղտնազերծումը մտածված քայլ է Վաշինգտոնի կողմից

ԱՄՆ Պետդեպարտամենտի շուրջ 250 հազար նամակների գաղտնազերծումը մտածված քայլ է Վաշինգտոնի կողմից, որը քաոս առաջացրեց միջազգային հարաբերություններում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը: Ըստ նրա, դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ հարցեր էին ցանկանում լուծել այս քայլով: «Ես չեմ պատկերացնում, թե հիմա ինչպես են իրենց զգում Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցող այն երկրների ղեկավարները, որոնք հիշատակված են ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծված փաստաթղթերում»,-ասել է փորձագետը:

Անդրադառնալով ԵԱՀԿ գագաթնաժողովին՝ Սարգսյանն ասել է, որ դա բավականին տխուր միջոցառում է: «Գագաթնաժողովին չեն մասնակցում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները, կարելի է ասել, որ սա լիարժեք գագաթնաժողով չէ»,-ասել է նա՝ հավելելով, որ դրանից կարելի է եզրակացնել, որ դա այն ամբիոնը չէ, որտեղ կարելի է լուրջ հարցեր լուծել:

Իր հերթին Հանրային քաղաքականության ինստիտուտի աշխատակից Հովհաննես Նիկողոսյանը չի գտնում, որ գագաթնաժողովը «տխուր» ընթացք ունի: Ըստ նրա, ԵԱՀԿ-ն միշտ եղել է Եվրոպայի անվտանգության երաշխավորը: Նա ասել է, որ գագաթնաժողովից ակնկալում է Եվրոպայի անվտանգության վերաբերյալ փաստաթղթի ընդունում: