1 դեկտեմբերի 2010 - 15:51 AMT
ArmNet Awards-ի որոշ մասնակիցների անբարեխղճության պատճառով ժյուրիի դատին կհանձնվեն բոլոր 640 կայքերը

ArmNet Awards մրցույթի ժյուրիի որոշմամբ, մրցույթի երկրորդ փուլին կմասնակցեն ոչ միայն հանրային քվեարկությամբ առաջին 75 տեղերը զբաղեցրած կայքերը, այլ մրցույթին մասնակցած բոլոր կայքերը : Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել SP Marketing Solutions-ում, մրցույթին մասնակցեցին 640 կայքեր Հայաստանից և Սփյուռքից: Քվեարկության փակման պահին կայքում գրանցվել է 121,421 քվե:

Հարկ է նշել, որ բազմաթիվ կայքեր հանրային քվեարկության ընթացքում քարոզչական և խրախուսական միջոցառումներ են իրականացրել սոցիալական ցանցերում և իրենց կայք-էջերում` նպաստելով իրենց օգտին քվեարկողների ձայների կտրուկ բարձրացմանը: Այսօրինակ քարոզչական արշավները շատ ուրախալի են և ցույց են տալիս, որ մրցույթը կարճ ժամանակում մեծ ժողովրդականություն է ձեռք բերել և կտրուկ ակտիվացրել է հայաստանյան ինտերնետ միջավայրը:

Սակայն քվեարկության ընթացքում գրանցվել են դեպքեր, երբ խախտվել է քվեարկության հիմնական կանոնը, որի համաձայն նույն անձը (օգտագործողը) մեկ կայքի օգտին մեկից ավելի անգամ չի կարող քվեարկել: Ինտերնետի հնարքներին տիրապետող որոշ մասնակից կայքեր, կիրառելով այս կամ այն մեթոդը, կարողացել են շրջանցել արգելքը և թույլ են տվել չարաշահումներ: Միևնույն ժամանակ համակարգը լիարժեք հնարավորություն չի տվել քվեարկել նրանց, ովքեր աշխատում են այնպիսի կազմակերպություններում, որտեղ ինտերնետի ելքն իրականացվում է մեկ IP-ով:

Հաշվի առնելով վերը նշվածը և առաջնորդվելով մրցույթն արդար և անաչառ անցկացնելու ցանկությամբ` կազմակերպիչները որոշում են կայացրել երկրորդ փուլում ժյուրիի դատին հանձնել ոչ միայն հանրային քվեարկությամբ առաջին 75 տեղերը զբաղեցրած կայքերը, այլ մրցույթին մասնակցած բոլոր կայքերը: Միաժամանակ կազմակերպիչները հայցում են այն մասնակից կայքերի ներողամտությունը, որոնք ազնվորեն են մասնակցել մրցույթին, ինչպես նաև` բոլոր քվեարկողների, ովքեր իրենց քվեն են տվել սիրելի կայքի օգտին: Ցանկանալով բացառել անարդար ընտրությունը` կազմակերպիչները վստահություն են հայտնում, որ պրոֆեսիոնալ ժյուրին ճիշտ կգնահատի յուրաքանչյուր կայքի արժանիքները և կբացահայտի լավագույններին:

Հաղթողների անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 4-ին` պաշտոնական մրցանակաբաշխության արարողություն ժամանակ:

Հիշեցնենք նաև, որ մրցանակաբաշխության օրը տեղի կունենա Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված “Աութսորսինգից մինչև նորարարություն” կոնֆերանս, որին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել facebook սոցիալական ցանցում:

ArmNet Awards ամենամյա մրցույթը, որն այս տարի անց է կացվում առաջին անգամ, տրվում է ինտերնետի հայկական սեգմենտի զարգացման մեջ զգալի ներդրումների համար: Մրցույթը կազմակերպված է SPMS ընկերության, Circle.am կայքի և Orange Armenia ընկերությունների կողմից, ՀՀ Էկոնոմիկայի Նախարարի բարձր հովանու ներքո: