1 դեկտեմբերի 2010 - 17:17 AMT
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը գոհ է Անրի Դելանի հուշամրցաշարում իր սաների ելույթից

Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը Նիցցայում Անրի Դելանի հուշամրցաշարում նվաճել է 5 մեդալ և ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցրել 2-րդ տեղը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գոհ է իր սաների ելույթներից և արդյունքներից:

«Մրցաշարում հանդես էին գալիս ըմբիշներ, որոնք առաջին անգամ էին մասնակցում մեծահասակների շարքում միջազգային մրցաշարի, և ուրախ եմ, նրանք կարող են մրցել փորձառու ըմբիշների հետ: Լավ է, որ թիմային պայքարում մենք զբաղեցրել ենք 2-րդ տեղը, բայց դա մեր գլխավոր նպատակը չէր, քանի որ մրցաշարին մենք մասնակցում էինք ոչ լրիվ կազմով»,- ասել է Ջուլֆալակյանը:

Նա ընդգծել է, որ Արթուր Ալեքսանյանը (96 կգ), որը զբաղեցրել է առաջին տեղը, աշխարհի երիտասարդական առաջնությունից հետո առաջին անգամ էր հանդես գալիս այս քաշային կարգում: Մինչ այդ նա հանդես էր գալիս 84 կգ ք/կ-ում:

Մեդալներ են նվաճել նաև Հովհաննես Վարդերեսյանը (66 ք/կ), նա նվաճել է ոսկե մեդալ, երկրորդ տեղը զբաղեցրել են Արտակ Հարությունյանը (60 ք/կ) և Վարշամ Բորանյանը (74 ք/կ), իսկ Արման Պապյանը (96 ք/կ) դարձել է բրոնզե մեդալակիր: