2 դեկտեմբերի 2010 - 16:56 AMT
Արտակ Դավթյան. Անպայման կգա այն օրը, երբ Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը

«Շատերը կհամաձայնվեն, որ հայկական կողմի ակնկալիքները Աստանայում ընթացող ԵԱՀԿ-ի գագաթնաժողովից, բացառությամբ նրա, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը չկայացավ, հիմնականում արդարացան»,-Երևանում կայացած մամլո ասոլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: Ըստ նրա, սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի նախագահը Բաքվի համար ոչ բարենպաստ իրավիճակներում խուսափում է հանդիպումից: Դավթյանը նշել է, որ Ալիևի «գյադայական պահվածքը» ի հայտ է գալիս ոչ միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում, այլ նաև Wikileaks-ում զետեղված ԱՄՆ Պետդեպարտամենտի նամակներում:

Անդրադառնալով Արցախի անկախության ճանաչմանը՝ Դավթյանն ասել է, որ ԵԱՀԿ գագաթնաժողովը այն տեղը չէ, որտեղ դա պետք է արվի: Նա նշել է, որ անպայման կգա այն օրը, երբ Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը:

Իր հերթին «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն ասել է, որ չի կարծում թե Աստանայում առաջընթաց է գրանցվել ղարաբաղյան կարգավորման գործում: «Հավանաբար, ուղղակի նահանջ չի եղել»,-ասել է նա: Խուրշուդյանը նաև թերություն է համարել այն, որ գագաթնաժողովի շրջանակներում երկրները չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին ու ռազմատենչ հայտարարություններին: