Orange-ը բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են ընկերությունում աշխատանքով կամ ստաժով, առաջարկում է դիմել առցանց` ստեղծելով Հայաստանում առաջին նմանօրինակ համակարգը: Այսուհետ job.orangearmenia.am կայքում կարելի է ոչ միայն լրացնել դիմում-հայտը ներկայում թափուր և պարզապես դիմողին հետաքրքիր աշխատատեղի կամ հայտարարված պրակտիկայի հնարավորության համար, այլ նաև թարմացնել տվյալները և հետևել դիմումի և հարցազրույցի պատմությանը անձնական հաշվի միջոցով:
«Մեկ տարվա ընթացքում մենք ներկայացրինք բազմաթիվ նորարարություններ մեր բաժանորդների համար: Այժմ ցանկանում ենք մեր նորարարական մոտեցումը տարածել նաև այլ ոլորտներում, մասնավորապես աշխատանքի ոլորտում: Այս գործիքի շնորհիվ մեզ դիմողները կարող են ոչ միայն առանց տեղաշարժվելու աշխատանքի դիմել Orange-ում, այլ նաև օգտվել Orange-ի` միջազգային ընկերություն լինելու առավելությունից, քանի որ կարելի է դիմել աշխատանքի կամ պրակտիկայի համար ոչ միայն Orange Արմենիայում, այլ նաև մեր մայր ընկերությունում` Ֆրանս Տելեկոմ Խմբում», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Չնայած այն բանին, որ Orange-ի թիմն արդեն հիմնականում ձևավորված է, և մեծ հավաքագրման փուլն ավարտված է, ընկերությունը պարբերաբար ունենում է թափուր աշխատատեղեր: Orange-ը ստանում է բազմաթիվ դիմումներ, որոնք հաճախ ոչ ճիշտ և չհամակարգված են հասնում ընկերության մարդկային ռեսուրսների բաժին: Այսուհետ յուրաքանչյուր թեկնածու, կայքում ուսումնասիրելով ընկերության կառուցվածքը, կարող է գտնել իրեն հետաքրքրող աշխատանքը և դիմել կոնկրետ աշխատանքի համար:
«Պարտադիր չէ, որ դիմողին հետաքրքրող պաշտոնն այդ պահին թափուր լինի: Դիմողը կարող է դիմել նաև ոչ թափուր պաշտոնի համար և մշտապես թարմացնել իր տվյալներն առցանց: Ծրագիրը շատ պարզ և նույնիսկ զվարճալի է, և կայքի այցելուին թույլ է տալիս իսկույն զգալ Օrange-ի ոգին ու ոճը: Սա իհարկե նաև հնարավորություն է ընձեռում մեզ խուսափել թղթի անիմաստ վատնումից», ասաց Orange-ի Մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Մարինե Ազնաուրյանը:
Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, համակարգը թեստային ռեժիմով աշխատել է արդեն հոկտեմբեր ամսվանից: Երկու ամսվա ընթացքում Orange-ն առցանց համակարգի միջոցով ստացել է մոտ 1500 դիմում, որոնք արդեն ընկերության տվյալների բազայում են: