2 դեկտեմբերի 2010 - 19:07 AMT
Հայաստանի պետեկամուտների կոմիտեին հանձնարարվել է ապահովել ԵՄ և ԱՀԿ առջև երկրի ունեցած պարտավորությունների կատարումը

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի պետեկամուտների կոմիտեին հանձնարարել է ապահովել ԵՄ և ԱՀԿ և այն երկրների առջև երկրի ունեցած պարտավորությունների կատարումը, որոնց հետ կան ազատ առևտրի մասին պայմանագրեր: Այդ մասին հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը:

Հանձնարարականի համաձայն, Պետական եկամուտների կոմիտեն պետք է վերահսկի, որպեսզի 2011 թվականի հունվարի 1-ից ծխախոտի համար կիրառվող հաստատագրված վճարների դրույքաչափի կիրառման պարագայում մաքսային արժեքից դրույքաչափերը չպետք է գերազանցեն 15%-ը, ինչը Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնն է: Սարգսյանի խոսքով, լինում են դեպքեր, երբ այդ դրույքաչափը կարող էր լինել 17-18% և այլն։ «Մեր հետազոտությունները վկայում են այն մասին, որ Հայաստանն ի վիճակի է կատարել այդ պահանջը»,- ավելացրել է նա:

Բացի դրանից, երկրորդ հանձնարարականը վերաբերում է երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրերին։ Խոսքն ալկոհոլային խմիչքների մասին է։ «Մենք պարտավոր ենք նույնպես ապահովել ազատ առևտրի համաձայնագրերով ստանձնված պարտավորություններն ալկոհոլային խմիչքների ներմուծման գծով, և համապատասխան հանձնարարականը տրվում է Պետական եկամուտների կոմիտեին, որ առաջնորդվեն և նախապատվությունը տան ազատ առևտրի համաձայնագրերին։ Կատարելով մեր այդ միջազգային պարտավորությունները` մենք կատարում ենք նաև մեր պարտավորությունը Եվրամիության հանդեպ, ինչը նշանակում է, որ այն համաձայնագրերը, որ մենք կնքել ենք Եվրամիության հետ, այդ թվում նաև` վարկային, գրանտային օժանդակության համաձայնագրերը կմտնեն ուժի մեջ, և մենք որպես պետություն երաշխավորում ենք, որ հունվարի 1-ից այս ռեժիմները կիրառվելու են Հայաստանի Հանրապետությունում»,- ավելացրել է վարչապետը: