3 դեկտեմբերի 2010 - 12:18 AMT
Ֆիլիպ Հակոբյան. Իմ նկարների նպատակն է ցույց տալ, թե որքան հիասքանչ ու բազմաշերտ է կյանքը

Դեկտեմբերի 2-ին Երևանում բացվել է ամերիկահայ նկարիչ Ֆիլիպ Հակոբյանի ցուցահանդեսը: «Իմ ստեղծագործությունների նպատակն է ցույց տալ, թե որքան հիասքանչ ու բազմաշերտ է կյանքը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել նկարիչը:

Իր հերթին, Հայաստանի Ազգային պատկերասրահի հայկական գեղանկարչության բաժնի ղեկավար, արվեստաբան Արմեն Գասպարյանը նշել է, որ ցուցահանդեսը շատ յուրօրինակ է և նկարչի տաղանդի վառ դրսևորումն է: «Ներկայացված է շուրջ 70 աշխատանք: Դրանք կարելի է բաժանել երկու մասի՝ ռեալիստական ու սյուրռեալիստական նկարներ և նատյուրմորտներ ու դիմանկարներ»,-ասել է նա:

Ըստ նրա, հեղինակը կոչ է անում մեզ «փայփայել այն աշխարհը, որ Աստված է մեզ պարգևել»: «Այս աշխարհում մենք հաճախ ժամանակ չենք ունենում ժպտալու, երազելու ու մտածելու համար: Նա հիշեցնում է այն մասին, որ հարկավոր է միշտ ականջ դնել ներքին ձայնին»,-ասել է Գասպարյանը:

Ֆիլիպ Հակոբյանը ծնվել է 1959թ. Մասաչուսեթսում: Ավարտել է Բոստոնի կերպարվեստի ակադեմիան, սովորել է հայտնի գեղանկարիչ Ֆրանկ Մեյսոնի մոտ: Հայ նկարիչների միջազգային միության անդամ է, ինչպես նաև Հայաստանի նկարիչների միության անդամ: