3 դեկտեմբերի 2010 - 12:38 AMT
Սկանդալային ճանաչում ստացած WikiLeaks-ը զրկվել է դոմենային անունից

Սկանդալային հայտնի WikiLeaks կայքն ուրբաթ օրը DDOS հարձակման արդյունքում զրկվել է դոմենային անունից, հաղորդվում է EveryDNS ամերիկյան ընկերության կայքում: «WikiLeaks.org-ը դարձել է բազմաթիվ DDOS-հարձակման թիրախը (մեծաքանակ համակարգիչներից կեղծ կենտրոնացած հարցումներ): Այդ հարձակումները, ինչպես նաև ապագայում հնարավոր նման հարձակումները սպառնում են EveryDNS.net ենթակառույցի կայունությանը: Դրա հետ կապված` դեկտեմբերի 1-ին, ԱՄՆ արևելյան ափի ժամանակով մոտավորապես 22:00-ին WikiLeaks.org կայքին էլեկտրոնային փոստով ուղարկվել են ծանուցումներ նրա գործունեությունը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու մասին»,- մեջբերում է կայքը EveryDNS ամերիկյան ընկերության հայտարարությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես նշվում է Twitter սոցիալական կայքում գործող կայքի միկրոբլոգում, «WikiLeaks.org դոմենը սպանվել է everydns.net ամերիկյան սերվերի կողմից…»: Հաքերային հարձակման արդյունքում կայքն արգելափակվել է ողջ աշխարհի օգտագործողների համար:

WikiLeaks կայքը նոյեմբերի 29-ին կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում ամերիկյան դիվանագետների գաղտնի նամակագրության և փաստաթղթերի հրապարակումից հետո:

WikiLeaks-ի կողմից հրապարակված փաստաթղթերում պարունակվում են բավական վիրավորական արտահայտություններ համաշխարհային առաջնորդների հասցեին: Ինչպես նշվում է կայքում, ավելի քան 250 հազար ֆայլերի հավաքածուն գաղտնի փաստաթղթերի խոշորագույն հավաքածու է, որը երբևէ հասանելի է դարձել: