3 դեկտեմբերի 2010 - 15:52 AMT
Գագիկ Հարությունյան. Ընդհանուր մթնոլորտը Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովում բարենպաստ էր Հայաստանի համար

Ընդհանուր մթնոլորտը ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում բարենպաստ էր Հայաստանի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը: Ըստ նրա, այդ մասին են վկայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դիրքորոշումները: Նա նշել է, որ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում Արցախը չի հիշատակվում: Փորձագետը նշել է, որ դա վկայում է այն մասին, որ ԵԱՀԿ դիրքորոշումն այդ հարցում փոխվել է և ավելի համապատասխանում է Հայաստանի շահերին: Հարությունյանը նշել է նաև, որ դրան նպաստեց այն, որ Ռուսաստանի դերը ԵԱՀԿ ՄԽ-ում ամրապնդվել է:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչու Ալիևը խոսափեց ՀՀ նախագահի հետ հանդիպումից, Գագիկ Հարությունյանն ասել է. «Ալիևը հասկացավ իր դիրքորոշման խոցելիությունը ընդհանուր քաղաքակն ֆոնի վրա և որոշեց խուսափել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից»:

Անդրադառնալով Հայաստանի նախագահի ելույթին Աստանայում՝ փորձագետը բարձր գնահատեց այն՝ նշելով, որ արվեցին բոլոր անհրաժետ շեշտադրումները և տեղին էր նաև Նախիչևանի հայկական գերեզմանոցի ոչնչացման հիշատակումը: