3 դեկտեմբերի 2010 - 17:18 AMT
Շավարշ Քոչարյան. Աստանայի հայտարարության մեջ ՄԱԿ-ի կանոնադրության հիշատակումը շահարկումների տեղ չի թողնում

Աստանայում ընդունված հնգակողմ հայտարարության մեջ առաջին անգամ մեջբերվեց ՄԱԿ-ի կանոնադրությունը, որպեսզի ավելի ցցուն դարձվի, եւս մեկ անգամ ընդգծվի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի աղավաղումը: Այդ մասին Երևանում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Աստանայում կայացած գագաթնաժողվոի արդյունքները: Ըստ նրա, Հելսինկյան եզրափակիչ ակտը միանշանակ հենվում եւ անընդհատ հղումներ է կատարում ՄԱԿ-ի կանոնադրությանը: Այսպիսով, Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինքնին բավարար է, բայց անհրաժեշտություն առաջացավ նշել ՄԱԿ-ի կանոնադրությունը, որպեսզի չմնա շահարկումների տեղ: «Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության առաջին գլխի ժողովուրդների իրավահավասարութունն ու ինքնորոշումը դա ՄԱԿ-ի նպատակներից մեկն է, չորս նպատակից մեկը: Երկրորդ գլխում թվարկվում են սկզբունքներ, որոնք ուղղված են այդ նպատակներին հասնելուն, եւ այդ սկզբունքներից մեկը հենց տարածքային ամբողջականությունն է: Միջոցը երբեք չի կարող հակադրվել նպատակին, կամ այս դեպքում տարածքային ամբողջականությունը երբեք չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշմանը»,-ասել է Շավարշ Քոչարյանը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: