4 դեկտեմբերի 2010 - 15:01 AMT
Հրանտ Մելիք Շահնազարյան. Աստանայում Բաքուն մեկուսացման մեջ հայտնվեց

ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում հայկական դիվանագիտությունն ամրապնդեց իր դիրքերը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը: Ըստ նրա, Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ համընկնում է միջնորդների դիրքորոշման հետ: «Այս դեպքում մեկուսացման մեջ հայտնվեց Ադրբեջանը»,-ասել է հայ փորձագետը: Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին Աստանայում՝ Մելիք-Շահնազարյանն ասել է, որ նախագահը հստակ ներկայացրեց երկրի դիրքորոշումը՝ Հայաստանը պատերազմ չի ցանկանում, սակայն պատրաստ է պատերազմի:

Անդրադառնալով ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը՝ Մելիք-Շահնազարյանն ասել է, որ եթե Բաքուն շանս ունենար, կսկսեր պատերազմ: «Սակայն, Ադրբեջանը հասկանում է, որ իր այսօրվա բանակով մեծ հաջողության չի հասնի, հակառակը, շատ կորուստներ կունենա, ինչը կսրի ներքաղաքական իրավիճակը»,-ասել է հայ փորձագետը՝ հավելելով, որ դա իր հերթին կնպաստի Ալիևի կլանի վերացմանը: