6 դեկտեմբերի 2010 - 16:44 AMT
Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման հարցում

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Լուկին (նստավայրը` Թբիլիսի): Դեսպանի խնդրանքով մանրամասն ներկայացվել է հատկապես Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ իրականացվող տրանսպորտային ծրագրերը:

Նախարարը տեղեկացրել է, որ տրանսպորտի բնագավառում Եվրոպական Հանձնաժողովի հետ համագործակցությունն իրականացվում է «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցք» (ՏՐԱՍԵԿԱ) ծրագրի շրջանակներում: Այս տարի հոկտեմբերին Բրյուսելում կայացել է «ՏՐԱՍԵԿԱ ներդրումային համագումարը», որի ընթացքում Հայաստանի Հանրապետության պատվիրակության կողմից ներկայացվել են առաջնային ներդրումային նախագծերը, այդ թվում` «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը և Հայկական երկաթուղու ենթակառուցվածքի վերականգնման ծրագիրը: Մանուկ Վարդանյանը նշել է, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ծրագրի իրականացումն ունի նաև տարածաշրջանային նշանակություն, քանի որ այն հարևան Իրանը կապելով Վրաստանի հետ` Սև ծով դուրս գալու հնարավորություն է տալիս:

Հանդիպման ընթացքում նախարար Մանուկ Վարդանյանը քննարկել է ավտոմոբիլային նոր լաստանավի ձեռք բերման խնդիրը: Նախարարն անդրադառձել է նաև «Հայփոստ» ընկերության գործունեության ընթացքին և նշել, որ ներկայումս քննարկվում է ընկերության կառավարման ձևի փոփոխման հարցը:

Մանուկ Վարդանյանն իր պատրաստակամությունն է հայտնել տրանսպորտի և կապի ոլորտում համագործակցության հնարավորությունները Էստոնիայի շահագրգիռ մարմինների հետ քննարկելու համար: Դեսպան Թոմաս Լուկինն իր հերթին աջակցություն է հայտնել մասնավորապես տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման հարցում, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը: