6 դեկտեմբերի 2010 - 19:42 AMT
Հովհաննես Չեքիջյանը պարգևատրվեց Կոմիտասի անվան մեդալով

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր կայացած նախարարության հերթական ատյանի նիստի ընթացքում Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի անդամ մաեստրո Հովհաննես Չեքիջյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Կոմիտասի անվան մեդալով, PanARMENIAN.Net գործակալությանը հաղորդեցին նախարարության մամլո ծառայությունից:

Ինչպես նշեց նախարարը, «Կոմիտասը մեր ժողովրդի հանճարեղ զավակն է և նրա անունով ստեղծված մեդալը պետք է գտնի իր արժանի տերերին»: Ամենաարժանիներից մեկն էլ, ըստ նախարարի, Հովհաննես Չեքիջյանն է: «Ձեզ շնորհելով այս մեդալը` կարծում եմ այն առավել կարժևորվի»,- ընդգծեց Հրանուշ Հակոբյանը` մաղթելով մաեսստրոյին նորանոր հաջողություններ:

Հովհաննես Չեքիջյանը շնորհակալություն հայտնեց մեդալի համար և նշեց, որ այն ստանալն իր համար չափազանց մեծ պատիվ է:

Հովհաննես Չեքիջյանը ծնվել և կրթություն է ստացել Ստամբուլում, Հայաստան է տեղափոխվել 1961թ-ից, այդ ժամանակվանից մինչև այսօր նա գլխավորում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, որի կազմում հանդես է եկել աշխարհի ամենանշանավոր բեմերում` Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում և ալյուր: Հովհաննես Չեքիջյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, պետական մրցանակի դափնեկիր: