6 դեկտեմբերի 2010 - 20:10 AMT
2011 թվականին հայերը կնշեն «հայոց քաղաքամայր» Անիի 1050-ամյակը

2011 թվականին լրանում է համազգային կարևորություն ունեցող հոբելյան` մայրաքաղաք Անիի 1050-ամյակը: ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Արտակ Մովսիսյանը դեկտեմբերի 6-ին նախարարությունում կայացած ատյանի նիստի շրջանակներում ներկայացրեց Անի մայրաքաղաքի 1050-ամյակին նվիրված միջոցառումների նախագծերը, որոնք կիրականացնի ՀՀ սփյուռքի նախարարությունը, հաղորդել են PanARMENIAN.Net գործակալությանը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն Անին համեմատեց հրեական Երուսաղեմի հետ` ընդգծելով հայոց հինավուրց այս քաղաքի` իբրև համայն հայության քաղաքամայր լինելու հանգամանքը: Նախարարը նաև տեղեկացրեց Երևանի քաղաքապետի հետ ունեցած իր նախնական պայմանավորվածության մասին, ըստ որի Երևանում կանցկացվեն մի շարք մեծամասշտաբ միջոցառումներ, իսկ քաղաքի թաղամասերից մեկը կամ մի հատված գուցե անվանակոչվի Անիի անունով:

Արտակ Մովսիսյանն իր հերթին տեղեկացրեց, որ 2011-ին կթողարկվեն Անիին նվիրված օրացույց, փաստագրական և ուսումնական ֆիլմեր, ինչպես նաև կկազմակերպվեն հայագիտական գիտաժողովներ, հեռուստատեսային գիտահանրամատչելի ծրագրեր և այլն:

Որպես հոբելյանական միջոցառուների բարձրակետ` տարեվերջին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանդիսություն` համերգային և թատերական ներկայացումներով:

Պատմագիտական գրականությունից հայտնի է, որ Աշոտ Գ Բագրատունին Անին մայրաքաղաք հռչակեց 961 թվականին` Կարսից այնտեղ փոխադրելով թագավորության գահը: Անին նաև համաշխարհային քաղաքակրթական ժառանգության կարևոր հուշարձաններից է: