7 դեկտեմբերի 2010 - 16:29 AMT
ԱՀԿ Պետական գնումների կոմիտեն միաձայն որոշում է ընդունել Պետական գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության մասին

Դեկտեմբերի 7-ին Ժնևում (Շվեյցարիայի Համադաշնություն) տեղի է ունեցել Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների կոմիտեի պաշտոնական նիստը: Նիստը նվիրված էր ԱՀԿ Պետական գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության հարցին: ԱՀԿ Պետական գնումների կոմիտեն, միաձայն որոշում է ընդունել Պետական գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության մասին:

Կայացված որոշման առիթով առանձին ելույթով հանդես է եկել ԱՀԿ Գլխավոր տնօրեն պարոն Պասկալ Լամին: Ողջունելով Հայաստանի անդամակցությունը նշված համաձայնագրին, ԱՀԿ գլխավոր տնօրենը ընդգծել է Հայաստանի իշխանությունների կողմից պետական կառավարման, մասնավորապես պետական գնուումների ոլորտում իրականացվող քաղաքականության համարժեքությունը ԱՀԿ հիմնարար սկզբնունքներին, ինչն ապացուցվում է Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության փաստով:

Ինչպես հաղորդում է էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը, հանձնաժողովի նիստին մասնակցելու և Առևտրի համաշխարհային կազմակերպության Պետական գնումների մասին համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովման նպատակով դեկտեմբերի 5-11-ը Շվեյցարիայի Համադաշնություն են գործուղվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վարոս Սիմոնյանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կարգավորման և բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանը: