7 դեկտեմբերի 2010 - 19:31 AMT
Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ քվեարկությունը չի հետաձգվելու, հայտարարում է «Ժառանգությունը»

Այսօր Արցախի Հանրապետության անկախության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ քվեարկությունն անորոշ ժամկետով հետաձգելու մասին քննարկումներ չեն ընթանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավորների հայտարարությունները:

«Ներկա պահին ես կարող եմ հերքել լուրերն այն մասին, որ քվեարկությունը հետաձգվելու է: Սակայն մինչև քվեարկությունը գրեթե 2 օր կա, և շատ հնարավոր է, որ օրինագիծը դիտարկվի առաջին ընթերցմամբ, իսկ արդեն երկրորդ ընթերցմամբ խորհրդարանական ուժերը որոշակի պայմանավորվածության հանգեն օրինագծի հետագա ճակատագրի հարցում»,- ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը` ավելացնելով, որ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը միշտ արդիական հարց է եղել: