7 դեկտեմբերի 2010 - 19:43 AMT
ANCA-WR-ը Ներկայացուցիչների պալատի խոսնակին կոչ է անում քվեարկության առաջադրել 252 բանաձևը նախքան լիազորությունների ժամկետի լրացումը

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի Արևմտյան բաժանմունքը (ANCA-WR) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ է անում նախքան 111-րդ Կոնգրեսի արձակումը քվեարկության առաջադրել 252 բանաձևը: «Նենսի Փելոսին կարող է օգտվել ունիկալ հնարավորությունից և նախքան լիազորությունների ժամկետի լրացումը ընդունել բանաձևն ու կատարել իր բարոյական պարտքը»,- ասվում է նամակում:

252 բանաձևն օժանդակում են Պալատի 148 անդամներ, և դրա ընդունման շանսերը բավական բարձր են: «Մենք գիտենք, որ Պալատի խոսնակը պատասխանատվության բարձր զգացումով կին է, և նա կարող է այնպես անել, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևն ընդունվի»,- ընդգծվում է ուղերձում:

252 բանաձևը ներկայիս Կոնգրեսի օրակարգում ներկայացվեց կոնգրեսական Ադամ Շիֆի և նրա 76 պաշտոնակիցների կողմից: Մարտի 4-ին արտաքին գործերի պրոֆիլային կոմիտեն 22 «կողմ» և 21 «դեմ» ձայներով հավանություն տվեց բանաձևին: