8 դեկտեմբերի 2010 - 16:27 AMT
Նաիրա Զոհրաբյան. Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը կոչ է արել ապահովել Արցախի մասնակցությունը բանակցություններին

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Կողմերը պետք է հարգեն այդ սկզբունքը և ամեն ինչ անեն հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին ասվում է Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի դեկտեմբերի 1-2 Բրյուսելում կայացած նիստի եզրափակիչ հայտարարության մեջ: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում ասել է ԱԺ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, հայտարարության մեջ ամրագրված են խաղաղ կարգավորման մի շարք առանցքային դրույթներ:

«Հայտարարության մեջ ասվում է Աստանայում ընդունված հնգակողմ հայտարարության կարևորության մասին: Երկրորդը, հեղինակները վստահություն են հայտնում, որ հարկավոր է ակտիվ ջանքեր գործադրել դրական մթոնոլորտ ստեղծելու համար, ինչպես նաև ողջունում են ԵԱՀԿ ՄԽ կոչերը դիպուկահարներին առաջնային գծից հետ քաշելու կոչը: Երրորդը, կարևոր է, որ հայտարարության մեջ նշված է բանակցություններին հակամարտության բոլոր կողմերի մասնակցության անհրաժեշտությունը: Հասկանալի է, որ խոսքը Ղարաբաղի մասնակցության մասին է»,-ասել է Զոհրաբյանը: Նա նշել է նաև, որ նիստում եվրոպացի պատգամավորներից շատերը նշել են, որ Եվրախորհրդարանում հապճեպ որոշումներ են ընդունվում Ղարաբաղի վերաբերյալ: Լարիսա Ալավերդյանը նշել է, որ հանձնաժողովի հայտարարությունը լավ դաս կհանդիսանա եվրապատգամավոր Եվգենի Կիրիլովի համար, որը Հարավային Կովկասի վերաբերյալ իր զեկույցում ներկայացրել է ԵԱՀԿ դիրքորոշմանը հակասող մոտեցումներ: