8 դեկտեմբերի 2010 - 16:29 AMT
Կիբերհանցավորության դեմ պայքարի ազգային ռազմավարությունն այս շաբաթ կներկայացվի Հայաստանի ԱԱԽ փորձաքննությանը

Երևանում ընթանում է կիբերհանցավորության խնդիրների քննարկում ԵԱՀԿ աջակցությամբ: Երկօրյա սեմինարին մասնակցում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, ԵԱՀԿ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի պետ Դիմիտար Ջալնևը, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և այլն: Ինչպես նշել է Ա. Բաղդասարյանը, Հայաստանում խստացվել են կիբերհանցավորության դեմ պայքարի մեթոդները, ինչպես նաև ավարտվել է կիբերհանցավորության դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակումը, որն այս շաբաթ ներկայացվելու է Հայաստանի ԱԱԽ փորձաքննությանը: Միայն 2009-ի ընթացքում արձանագրվել է Հայաստանի տեղեկատվական կայքերի վրա ավելի քան 1000 հաքերային հարձակումների դեպք, որոնց մեծ մասը, Արթուր Բաղդասարյանի խոսքերով, բացահայտվել է: