«Ձմեռային փառատոն 2010»-ի առանձնահատկությունը հայկական Կաղանդ պապի կերպարի վերհանումն ու վերականգնումն է: Անցյալ տարի փառատոնի շրջանակներում անցկացված Կաղանդ պապի կերպարի վերհանման ու վերականգնման մրցույթի արդյունքում ստեղծվեց նրա ժամանակակից կերպարը»,-դեկտեմբերի 10-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Կանաչաստան» ՀԿ նախագահ, փառատոնի նախաձեռնող և կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբլյանը:
Նա հավելել է, որ մրցույթ է հայտարարվել Կաղանդ պապի մասին հեքիաթի համար: «Մրցույթը ամփոփել է մասնագիտական ժյուրին, արդյունքում մենք արդեն տպագրության ենք հանձնել Կաղանդ պապի մասին ժամանակակից հեքիաթը: Բոլոր ցանկացողները կարող են փառատոնի օրերին ծանոթանալ հեքիաթի բովանդակությանը, քանի որ այն ընթերցվելու է Սիրահարների այգում, իսկ գիրքը անվճար կբաժանվի միջոցառման մասնակիցներին»,-ասել է Նիզիբլյանը: