10 դեկտեմբերի 2010 - 18:02 AMT
Լոգիստիկ կենտրոնների ստեղծումը կնպաստի Հայաստանի մաքսատների աշխատանքի բարելավմանը

«Մաքսային գործակալների ինստիտուտը նպաստում է տնտեսվարող սուբյեկտների ու մաքսատան աշխատակիցների շփումների նվազեցմանը, ինչպես նաև մաքսային գործընթացների պարզեցմանը: Ինքնահայտարարագրման ինստիտուտի հետ մեկտեղ դրանք կարևորագույն հակակոռուպցիոն լծակներ են»,-այդ մասին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Մաքսային գործակալների ասոցիացիայի համատեղ մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Նա նշել է, որ ասոցիացիան ստեղծվել է կոմիտեի ու ԵԱՀԿ համատեղ ջանքերով, և հետագայում նրա դիրքերը կամրապնդվեն, քանի որ միջնորդական գործունեության, ուսուցման, եկամուտների ինքնահայտարարագրման ինստիտուտները դեռ հեռու են կատարելությունից, ինչի մասին են վկայում գործարքների ձևակերպման մեջ առկա բազմաթիվ թերությունները: Բացի այդ, կոմիտեի ղեկավարը նշել է, որ հետագայում պետք է ստեղծվեն լոգիստիկ կենտրոններ, որոնք ոչ միայն կձևակերպեն մաքսային գործարքները, այլ նաև կանեն այն ամենն, ինչ կապված է մաքսային ինստիտուտի, այդ թվում նաև պահեստների հետ: