10 դեկտեմբերի 2010 - 18:12 AMT
Դեկտեմբերի վերջին կբացվի տեղեկատվության արտահոսքի նոր կայք` OpenLeaks

Հայտնի է դարձել արտահոսքերի նոր կայքի անունը, որը դառնալու է WikiLeaks-ի մրցակիցը: Այն կոչվելու է OpenLeaks: Կայքը հիմնել են 25-ամյա իսլանդացի ուսանող Հերբերտ Սնորասոնը, որն այդ մասին հայտարարել է դեռ նոյեմբերի վերջին, և գերմանացի ծրագրավորող Դանիել Դոմշայթ-Բերգը, որը լքել է WikiLeaks թիմը: Կայքը դեռ չի աշխատում, բայց լինելու է դեկտեմբերի վերջին:

Նոր կայքը չի հրապարակելու գաղտնի փաստաթղթեր, այն միայն ընդունելու է ցանկացողներից արտահոսքը և հրապարակման համար հանձնելու է ԶԼՄ-ներին, Reuters-ին հաղորդել է նոր նախագծի մասնակիցներից մեկը : «Փաստաթղթերն ուղղակիորեն չհրապարակելու մեր մտադրության արդյունքում մենք ակնկալում ենք չենթարկվել այն քաղաքական ճնշմանը, որի տակ հիմա գտնվում է WikiLeaks-ը»,- ասել է նա: «Այդ առումով շատ հետաքրքիր է հետևել, թե քաղաքական գործիքների չարության որքան փոքր մասն է բաժին ընկնում թերթերին, որոնք օգտագործում են WikiLeaks-ը որպես աղբյուր»,- ասել է նոր նախագծի մասնակիցը, հաղորդում է Newsru.com-ը: