11 դեկտեմբերի 2010 - 15:19 AMT
Ալեքսանդր Ամարյան. Եհովայի վկաներն ակտիվորեն ներգրավվում են Հայաստանի քաղաքական կյանքին

«Չնայած նրան, որ Եհովայի վկաներն, ըստ էության չեն ընդունում պետականությունը, նրանք ակտիվորեն ներգրավվում են տարբեր քաղաքական կառույցներին»,- հայտարարել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Նրա խոսքերով, նման կրոնական միավորումների գործունեությունը պետկառույցներում ուղղված է «ներսից երկրի հիմքերը խարխլելուն»: «Իսկ մեր օրենսդրության մեջ նույնիսկ որևէ կառույցի գործունեությունը սահմանափակող օրենք չկա»,-ասել է Ամարյանը:

Փորձագետը գտնում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է առավել կոշտ դիրքորոշում ստանձնեն նման միավորումների հարցում: «Զգուշանալով միջազգային կառույցների ճնշումից՝ մեր պետությունը ոչ մի վճռական քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ: Սակայն ԵՄ անդամ նույն Ֆրանսիայում Եհովայի վկաների գործունեությունը խիստ սահմանափակված է»,-հավելել է նա:

Իր հերթին հոգեբան Կարինե Նալչաջյանն ընդգծել է, որ այժմ պետության համար ճգնաժամային պահ է, ուստի պետք է չէ այդչափ կարևորել ԵՄ կարծիքը: «Մեր նման երկրի համար շուրջ 300 հազար աղանդավորների առկայությունը կործանարար է: Այժմ մենք պետք է մտածենք գոյատևման մասին, ուշադրություն չդարձնելով Եվրոպայի հայացքների վրա»,-ասել է նա: