«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ձեռք է բերել «Շեն-կոնցեռն» ՓԲԸ 6-րդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ողջ փաթեթը, դրանով իսկ ֆինանսավորելով կորպորատիվ հաճախորդին ներդրոումային շուկայի գործիքների միջոցով:
Պարտատոմսերի շրջանառությունը 3 տարի է, եկամտաբերությունը 13%, անվանական արժեքը 10 000 ՀՀ դրամ, քանակը` 150 000 հատ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
Սույն գործարքի արդյունքում «Շեն-կոնցեռն» ՓԲԸ տրամադրվել է մոտավորապես 1.5 մլրդ ՀՀ դրամ գործունեության զարգացման, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում գիպսի հանքարդյունահանման և վերամշակման նախագծի իրականացման համար:
«Շեն-կոնցեռն» ՓԲԸ պարտատոմսերը առևտրին թույլատրելու նպատակով 2010թ. դեկտմբերի 3-ին ՀՀ Կենտրոնական Բանկը գրանցեց «Առևտրի Ազդագիրը», իսկ 2010թ. դեկտեմբերի 13-ից տվյալ պարտատոմսերը առևտրի համար կներառվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Հայաստան Ֆոնդային բորսայի Bbond ցուցակում:
«Ներկայումս «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պատրաստ է կորպորատիվ հաճախորդներին առաջարկել գրավիչ տոկոսադրույքներով ազգային արժույթով երկարաժամկետ ֆինանսավորում ներդրումային շուկայի գործիքների միջոցով: Կորպորատիվ-ներդրումային բիզնեսի գործիքների ներդրումն ու զարգացումը հանդիսանում են ՎՏԲ Խմբի ռազմավարության առաջնային ուղղություններից մեկը»,- հայտնել է բանկի Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն` Յուրի Գուսևը: