14 դեկտեմբերի 2010 - 15:41 AMT
«Ժառանգություն». Հայաստանում ավտոմեքենան ոչ թե փոխադրամիջոց է, այլ որոշ ընկերությունների համար եկամուտի աղբյուր

Պարտադիր ավտոապահովագրությունը Հայաստանում պետք է ներդրվի ոչ հիմա, ոչ այս տնտեսական ու սոցիալական պայմաններում, գտնում է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Վարորդները հսկայական գումարներ են վճարում ավտոմեքենայի մաքսազերծման համար, ԱՊՊԱ պայմանագրի համար, գույքահարկ են մուծում, մուծում են նաև տեխզննման համար, որը չգիտես ինչու մասնավոր ընկերություն է իրականացնում, իսկ այդ միջոցները բյուջե չեն ուղղվում: Այսինքն, Հայաստանում ավտոմեքենան ոչ թե փոխադրամիջոց է, այլ որոշ ընկերությունների համար եկամուտի աղբյուր»,-ասել է նա: Մարտիրոսյանը նշել է, որ փոքր ԱՃՊ-ի դեպքում, երբ վնասը չի գերազանցում 30 հազար դրամը, ըստ ԱՊՊԱ-ի մասին օրենքի, այն չի փոխհատուցվելու:

«Ժառանգության» անդամ Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչների համար պետք է արտոնություններ սահմանվեն: «Օրենքում չկա այդ տարանջատումը՝ մեծ կամ փոքր քաղաք, սոցիալապես ապահով կամ անապահով շերտեր»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյում PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել են, որ նվազագույն փոխհատուցում ԱՊՊԱ-ով չի սահմանվում, իսկ առավելագույնն անձնական վնասի դեպքում կազմում է 3 մլն դրամ յուրաքանչյուր տուժածի համար և 9 մլն դրամ՝ յուրաքանչյուր ԱՃՊ-ի համար: Իսկ առավելագույն փոխհատուցումը գույքային վնասի դեպքում կազմում է 1,5 մլն դրամ: