15 դեկտեմբերի 2010 - 14:32 AMT
Շիրակ Թորոսյան. Հայաստանի հաղորդակցային կախվածությունն առիթ չի տալիս Վրաստանին վարվել ջավախահայերի հետ այնպես, ինչպես ցանկանան

Հայ-վրացական հարաբերություններում ընթացիկ տարում առաջընթաց չի գրանցվել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա, տարվա ընթացքում լուծում չստացան նաև ջավախահայերի խնդիրները: «Չնայած նրան, որ պաշտոնական մակարդակում երկու երկրների ղեկավարությունը հայտարարում է, որ Հայաստանի ու Վրաստանի միջև սերտ բարեկամական ու ջերմ հարաբերություններ են հաստատվել, ես չէի ասի, որ դա համապատասխանում է իրականությանը»,-ասել է Թորոսյանը:

Պատգամավորն անդրադարձել է ջավախահայերի խնդիրներին, մասնավորապես, Վրաստանում ՀԱԵ հայկական թեմի կարգավիճակի հետ կապված հարցերին, սահմանային հարցերին, ինչպես նաև հայկական դպրոցներում հայոց լեզվի դասավանդման հետ: «Վերջին տարում, հայոց լեզվի դասաժամերը զգալիորեն կրճատվել են, դրա հաշվին ավելացել են վրացերենի դասաժամերը»,-ասել է նա՝ հավելելով, որ աճել են նաև աշխատանքից հայոց լեզվի, հայ գրականության ու պատմության ուսուցիչներին ազատելու դեպքերը:

Նա նշել է, որ շատերը գտնում են, որ ՀՀ իշխանությունները խիստ չեն արձագանքում Վրաստանի գործողություններին, քանի որ հաղորդակցային կախվածություն ունեն Վրաստանից: «Ես գտնում եմ, որ դա սխալ մոտեցում է: Այն, որ Հայաստանը ինչ-որ չափով կախված է Վրաստանից, լինելով շրջափակման մեջ, դեռ չի նշանակում, թե Վրաստանի իշխանությունները կարող են վարվել ջավախահայերի հետ ինչպես ցանկանան»,-ասել է Թորոսյանը: