16 դեկտեմբերի 2010 - 18:16 AMT
Չի բացառվում, որ Հայոց ցեղապսանության մասին գեղարվեստական ֆիլմի վրա կաշխատեն համաշխարհային ճանաչում ունեցող կինոգործիչներ

Հայաստանի ազգային կինոկենտրոնը բանակցում է մի քանի հանրահայտ ռեժիսորների ու սցենարիստների հետ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանման վերաբերյալ: «Մենք նամակներ ենք հղել համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներին, այդ թվում նաև Սթիվեն Սփիլբերգին, և այժմ պատասխանի ենք սպասում»,-դեկտեմբերի 16-ին լրագրողներին է ասել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը՝ ամփոփելով տարին:

Ըստ նրա, Ֆիլմի նկարահանումները նախատեսվում է ավարտել 2015թ.՝ այն նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Գևորգյանը հավելել է, որ 2011թ. Ազգային կինոկենտրոնը մի շարք կարևոր նախագծեր է իրականացնելու, այդ թվում, թերթ կհրատարակվի, կանցկացվի ազգային կինոյի մրցանակների մրցանակաբաշխություն տարվա վերջում, կկազմակերպվեն Դմիտրի Քյոսայանցի, Էդմոնդ Քյոսայանի, Ռոման Բալայանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ: «Նախատեսվում է նաև հրատարակել Դ.Քյոսայանին նվիրված գիրք»,-ասել է Գևորգյանը՝ հավելելով, որ «նախատեսվում է մեծ երաժշտական ծրագիր կազմակերպել տարեվերջին «Առնո Բաբաջանյանի երաժշտությունը կինոյում» խորագրով՝ նվիրված մեծ կոմպոզիտորի 90-ամյակին: