17 դեկտեմբերի 2010 - 14:28 AMT
Արծվիկ Մինասյան. ՀՀ կառավարությունը հակասոցիալական և հակամրցակցային քաղաքականություն է վարում

Հայաստանի կառավարությունը ձախողել է բոլոր ծրագրերը, որոնք հռչակել է իր ձևավորման ժամանակ, կարծում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: «Կառավարությունը ձախողել է այն 22 գերակայությունները, որոնք ամրագրված են կոալիցիայի ստեղծման մասին հուշագրում: Ձախողվել են նաև Հայաստանի նախագահի նախընտրական ծրագրի գերակա դրույթները, որոնց իրագործումը նախատեսվում էր 2010-2012թթ.»,- ասել է նա:

Պատգամավորի խոսքերով, կառավարությունը տվյալ պահին «հակաժողովրդագրական, հակասոցիալական և հակամրցակցային քաղաքականություն է վարում», ինչը նաև արտացոլում է երկրի բյուջեն, որը չի ապահովում բնակչության աշխատավարձի, կենսաթոշակի և նպաստի աճ, ինչպես նաև չի խթանում ՓՄՁ զարգացմանը և հնարավորություն չի ստեղծում մրցունակության բարձրացման համար: «Հայաստանն այսօր կանգնած է տնտեսության կառավարման համակարգի ճգնաժամի առաջ, որը դրսևորվում է բոլոր ոլորտներում»,- ասել է Մինասյանը:

Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը կարող է լինել տնտեսության համակողմանի զարգացման մոդելի ձևավորումը, քանի որ հիմա այն հիմնվում է հումքի արտահանման վրա: Նա նաև նշել է, որ բնակչության իրական զբաղվածությունը պետք է հասցնել 65 տոկոսի այժմյան 48 տոկոսի փոխարեն: