17 դեկտեմբերի 2010 - 17:16 AMT
«Լոգո» ունիվերսալ համակարգչային ծրագիրը Հայաստանի համար կարժենա 215 հազար դոլար

«Կանադական LCSI ընկերության հետ տևական բանակցություններից հետո, մենք պայմանավորվեցինք, որ 215 հազար դոլարի դիմաց մեզ կտրամադրեն լիցենզիան, որի շնորհիվ հնարավոր կդառնա ծրագրի ներդրումը հայրենական դպրոցներում, ինչպես նաև սփյուռքի հայկական դպրոցներում»,-դեկտեմբերի 17-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Քվանտ» վարժարանի փոխտնօրեն Մասիս Սարգսյանը:

Ըստ նրա, լիցենզիայի ձեռք բերումից 2 տարի անց կանադական LCSI ընկերությունը Հայաստանին կտրամադրի նաև ծրագրի ծածկագիրը: «Ակնկալվում են շատ հետաքրքիր հեռանկարներ, քանի որ ունենալով ծածկագիրը, մենք կկարողանանք ստեղծել մեր ծրագիրը, թարգմանելով այն անգլերեն և հանելով միջազգային շուկա»,-ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ արդեն կան ծրագրեր, ըստ որի «Լոգո» ծրագրի հայկական տարբերակը ենթադրվում է ստեղծել բնագիտության, մաթեմատիկայի ոլորտներում:

«Logo» ծրագրային փաթեթը ժամանակակից համակարգչային ունիվերսալ ուսուցողական միջավայր է, որն ունի լայն աշխարհագրական, անիմացիոն և ծրագրային հնարավորություններ: Փաթեթը նախատեսված է դպրոցահասակ երեխաներին ինֆորմատիկա առարկան դասավանդելու համար և հարմար է օգտագործել այլ առարկաների (երկրաչափություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և այլն) դասավանդման համար: