Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Եվրոպա-Կովկաս-Ասիա Տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի նորանշանակ գլխավոր քարտուղար Էդուարդ Բիրյուկովին:
Ինչպես հաղորդում է նախարարի մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը, Էդուարդ Բիրյուկովը շնորհակալություն է հայտնել նախարար Մանուկ Վարդանյանին` գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի կողմից իր թեկնածությունը պաշտպանելու համար:
Մանուկ Վարդանյանը տեղեկացրել է, որ Հայաստանը մասնակցում է ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում իրականացվող «Կովկասի և ԱՊՀ արևմտյան երկրների միջազգային լոգիստիկ կենտրոններ» նախագծի աշխատանքներին: Մասնավորապես նախանշվել են լոգիստիկ կենտրոնի տարածքին երկաթգծի և ավտոճանապարհի մոտեցման հնարավոր տարբերակները, ինչպես նաև վերջիններիս` «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու և Երևան շրջանցի հետ միացման հնարավորությունները:
Մանուկ Վարդանյանը հայտնել է, որ 2011թ.-ին կայանալիք ՏՐԱՍԵԿԱ երկրորդ ներդրումային համաժողովի ընթացքում նախարարության կողմից կներկայացվեն մի շարք ծրագրեր: