ՀՀԿ-ի համագործակցությունը կոալիցիոն գործընկերներ՝ "Բարգավաճ Հայաստան" և "Օրինաց երկիր" կուսակցությունների հետ արդյունավետ էր, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում: Նրա խոսքերով, դրանից մեր երկիրը միայն շահել է: Քանի որ առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, բնականաբար ընտրությունների մոտենալուն զուգընթաց սկսվում են նաև խոսակցություններ, երբեմն անառողջ ասեկոսեներ կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների փոխադարձ խանդի և մրցակցության մասին: Ըստ նախագահի, առողջ մրցակցությունը բնական է և օրինաչափ, խորհրդարան կմտնեն այն ուժերը, որոնք արդար պայքարում կվաստակեն ժողովրդի վստահության քվեն:
«Այստեղ ուզում եմ անդրադառնալ այն ասեկոսեներին, այն խոսակցություններին, որ վերջին շրջանում պտտվում են որոշ քաղաքական շրջանակներում, թե իբրև ես վերջնագիր եմ ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Եվ, ղեկավարվելով իրենց տրամաբանությամբ` իրենց իսկ ժարգոնով ասած, փորձում են թասիբի գցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և կոնկրետ Գագիկ Ծառուկյանին: Բոլորիդ է հայտնի, որ ես երբեք որևէ մեկի հետ վերջնագրով չեմ խոսել, մանավանդ` իմ գործընկերների հետ: Նրանց ասած այդ վերջնագրերը պարզապես իմ պահանջներն են ինչպես իմ կուսակիցների, այնպես էլ մեր կոալիցիոն գործընկերների նկատմամբ: Կարծում եմ, որ սա օրինաչափ է, և հակառակը ենթադրել` պարզապես անտրամաբանական է»,-ասել է Սերժ Սարգսյանը:
«Մենք պիտի կարողանանք ոչ միայն նախընտրական շրջանում, այլև ընդհանրապես լինել շրջահայացության, մարդասիրության և քաղաքակիրթ երկխոսության ջատագովները մեր երկրում: Մենք պիտի կարողանանք հորդորել` բակային քննարկումներում, թե քաղաքական բանավեճերում՝ ձեռնպահ մնալ որևէ անձի, նաև միմյանց, անձնական վիրավորանքներ հասցնելուց, փորձել քննության առնել իրողությունները, ոչ թե մարդկանց: Չէ՞ որ ի վերջո մեր խնդիրը ոչ թե դատելն է, այլ լուծումներ գտնելը, մեր նպատակը ոչ թե միմյանց վանելն է, այլ հանուն դրական փոփոխությունների միմյանց գտնելը: Քաղաքակիրթ հանրային երկխոսություն, սա՛ է, որ պետք է շարունակենք արմատավորել մեզանում»,-ասել է նախագահը ՀՀԿ-ի հոբելյանական նիստում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: