18 դեկտեմբերի 2010 - 17:20 AMT
Հայաստանում արմատական փոփոխություններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե դրանք համահունչ են առաջնորդող ուժի ծրագրերին

ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Նա իր ելույթում նշել է. «Միշտ չէ, որ մենք պատասխանատու քաղաքական պաշտոնների ենք նշանակում հանրապետականների: Կարծում եմ, որ միայն ու միայն ուժեղ կուսակցությունը կարող է այդպես վարվել` դրանով իսկ հնարավորություն տալով այն բազմահազար համակիրներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով կուսակցությունում չեն, բայց մշտապես եղել են մեզ հետ, իրականացրել են մեր ծրագրերն ու քաղաքականությունը: Մենք այս կուրսը շարունակելու ենք: Ցանկացած դեպքում, եթե տեսնենք, որ տվյալ գործը կարող է ավելի լավ կատարել մեկ այլ անկուսակցական, մենք այդպես ենք վարվելու»:

Նախագահը նշել է, որ Հայաստանի պետականության զարգացման գործում առաջնային դերը կատարում է երկրի ու ժողովրդի առջև ամենամեծ պատասխանատվությունը, այսինքն իշխանության պատասխանատվությունը ստանձնած քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իհարկե, կոալիցիոն գործընկերների հետ միասին:

«Հայաստանի ու մեր սերունդների ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնած Հանրապետական կուսակցությունը պարտավոր է ստանձնել նաև քաղաքական, հասարակական և տնտեսական արդիականացման առաջամարտիկի դերը: Իսկ առաջնորդող ուժը պետք է լինի նաև ամենաօրինակելին, ամենաառողջն ու ամենաարդիականը: Միայն նման ուժը կարող է իր դաշնակիցներից ու ընդդիմախոսներից նույնը պահանջել: Կուսակցության արդիականացումը սկսվում է հենց մեզնից` ինձնից, ձեզնից, մեր կուսակցական ընկերներից: Եվ կրկին. մեր այն կուսակիցները, ում Հանրապետականը պաշտոն է վստահել, պիտի լինեն արդիականացման առաջին գծում կամ էլ պարտականությունները թողնեն ավելի նախանձախնդիր կուսակիցներին: Մենք փոփոխությունները սկսում ենք մեզնից: Մեր երկրում հասարական, քաղաքական և տնտեսական արմատական փոփոխություններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե այդ փոփոխությունները համահունչ են առաջնորդող ուժի ծրագրերին և հետևողականորեն իրականացվում են պետական իշխանության կողմից: Մինչ օրս Հանրապետական կուսակցությունը դրսևորել է քաղաքական կամք և հետևողականություն: Հանրապետականը այսուհետ ևս հետևողական է լինելու իր յուրաքանչյուր նախաձեռնության իրականացման գործում»,- ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: