Երևանցիները գնալով ավելի սակավ են ընտրում ընթերցանությունը որպես ժամանցի միջոց: Ինչպես պարզել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, 2010թ. Երևանի գրախանութները ավելի քիչ գիրք են վաճառել, քան 2009թ., իսկ 2009թ.՝ քիչ, քան 2008թ.:
Հիմնականում պահանջարկ ունի մանկական գրականությունը (հեքիաթներ, հանրագիտարաններ), ինչպես նաև ձեռնարկները, որոնք անհրաժեշտ են դպրոցականներին: Բացի այդ, պահանջարկ ունեն նաև բառարանները, տարբեր հետազոտությունները, գիտական գրականությունը: Ամենից քիչ է զգացվում գեղարվեստական գրականության պահանջը:
Հարկ է նշել, որ Երևանի բնակչությունն ընթերցում է հիմնականում հայերեն և ոռւսերեն լեզուներով: Հաճախ, հայոց լեզվով գրքերը նույնիսկ զիջում են ռուսերեն հրատարակություններին, քանի որ գիտական և գեղարվեստական գրականության շատ նմուշներ ուղղակի թարգմանված չեն հայերեն:
Չի բացառվում, որ հայ ընթերցողին վանում են նաև գրքերի բարձր գները, որոնք չեն զիջում, օրինակ, Մոսկվայի գներին: