20 դեկտեմբերի 2010 - 19:24 AMT
Հայաստանում տնտեսական ակտիվության ինդեքսն աճել է 14.5%-ով

Արդյունաբերության, շինարարության և ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի տնային տնտեսությունների ոլորտի կազմակերպությունների հետազոտությունների արդյունքում Հայաստանում տնտեսական ակտիվության ինդեքսն այս տարի նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճել է` կազմելով 114.5%, իսկ նախորդ եռամսյակի նկատմամբ կազմել է 73.0%:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը, նշված ցուցանիշների մեծությունները պայմանավորված են համապատասխանաբար 2010թ. առաջին եռամսյակի և 2011թ. առաջին եռամսյակի ցածր սպասումներով: «Գալիք եռամսյակում արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողների թվաքանակը և միջին աշխատավարձը կմնան անփոփոխ: Սպասվում է գների, ինչպես նաև արտադրական հզորությունների աճ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, գործարար միջավայրի ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի և նախորդ եռամսյակի նկատմամբ կազմել է համապատասխանաբար 107.7% և 95.0%: Ընդ որում` սպառողների վստահության ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճել է` կազմելով 108.03%: