22 դեկտեմբերի 2010 - 09:34 AMT
Դավիթ Բաբայան. Ադրբեջանն ամեն կերպ կխուսափի Արցախի հետ շփումները վերականգնելուց

Վերջերս, ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև մի շարք միջազգային կազմակերպություններ սկսում են լրջորեն դիտարկել ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման հնարավորությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, քանի դեռ չի վերականգնվել բանակցությունների լիարժեք ձևաչափը, չի կարելի խոսել հակամարտության կարգավորման մասին: Նա նշել է, որ ադրբեջանական կողմն ամեն կերպ կխոչընդոտի դրան և կխուսափի շփումների հաստատումից Ղարաբաղի հետ, քանի որ դա կարող է ընկալվել որպես ազգերի ինքնորոշման սկզբունքներն ընդունելու պատրաստակամություն: