Եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Կոնգրեսի այս համագումարում չընդունի Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը, ապա բանաձևի հեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆը նմանատիպ օրինագիծ կներկայացնի հաջորդ տարի: «Ես կանեմ ամեն հնարավոր բան, որպեսզի բանաձևը որքան հնարավոր է շատ աջակցություն ստանա Ներկայացուցիչների պալատում: Այժմ բանաձևի ընդունման համար մեծ հնարավորություն կա»,- ասել է կոնգրեսականը: Նրա խոսքով` Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալի, ինչպես նաև Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառման հարցում Անկարայի դիրքորոշման պատճառով Վաշինգտոնն այս տարի միայն ձևի համար է հանդես գալիս 252 բանաձևի դեմ:
«Ես կարծում եմ, որ այս անգամ Թուրքիայի հակագործունեությունն այդքան արդյունավետ չի լինի, որքան նախորդ տարի»,- ասել է 252 բանաձևի հեղինակ Ադամ Շիֆը, գրում է Glendale News Press-ը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Կոնգրեսի արձակումից առաջ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի վերաբերյալ քվեարկություն անցկացնելու վերջին հնարավորությունն ունի չորեքշաբթի օրը` դեկտեմբերի 22-ին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի hանձնախումբը (ԱՀԴՀ), դա կարող է տեղի ունենալ առողջապահության համակարգում բարեփոխումների վերաբերյալ քվեարկությունից հետո: