27 դեկտեմբերի 2010 - 15:29 AMT
Վարդան Դևրիկյան. Այսօրվա դրությամբ Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը արտագաղթն է

Այսօրվա դրությամբ Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկն արտագաղթն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը: Ըստ նրա, վերջին տարիներին արտագաղթն աճել է: Նա նշել է, որ երկրից ավելի շատ է սկսել արտագաղթել երիտասարդությունը:

Իր հերթին Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանն անդրադարձել է վերջին կադրային փոփոխություններին ՀՀ կառավարությունում՝ ասելով, որ լավ կլիներ, եթե պաշտոնյաները հեռացվեին աշխատանքից ոչ թե ինչ-որ մեկին ծեծի ենթարկելու, այլ վատ աշխատանքի համար:

Իր հերթին ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզաննա Առաքելյանը, ամփոփելով 2010թ. արդյունքները, կարևորել է այն, որ Հայաստանում կասեցվեց հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Անդրադառնալով արտագաղթի խնդրին՝ Առաքելյանն ասել է, որ դա կապված է սոցիալ-տնտեսական խնդիրների հետ, մասնավորապես մարզերում ու գյուղերում: Ըստ նրա, 2011թ. ՀՀ ղեկավարությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի մարզերին:

Իր հերթին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանը չի կորցրել զարգացման ներուժը: Անդրադառնալով արտագաղթի խնդրին՝ Ալավերդյանն ասել է, որ այդ հարցում նա լավատես է: «Հեռանում են լավերը, մնում են՝ լավագույնները»,-ասել է նա: