28 դեկտեմբերի 2010 - 11:38 AMT
Լևոն Փաչաջյան. Ամենաանմոռանալի Նոր տարին դիմավորել եմ 2010-ին իրանական ավտոբուսում

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ չի որոշել, թե որտեղ է անցկացնելու ամանորյա տոները: «Հնարավոր է` Նոր տարում մի քանի օրով կմեկնեմ ինչ-որ տեղ: Եթե մնամ Հայաստանում, ապա, իհարկե, կդիմավորեմ 2011-ն ընտանիքիս հետ»,- խոստովանել է ֆուտբոլիստը:

Մխիթարյանը շնորհավորել է հայ ժողովրդի Նոր տարին. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին աջակցության և հավատի համար: Բոլորին մաղթում եմ առողջություն, երջանկություն և հաջողություն»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ֆուտբոլիստը:

Հայաստանի հավաքականի և իրանական «Սանատ Նավթայի» կիսապաշտպան Լևոն Փաչաջյանը Նոր տարին սովորականի նման դիմավորելու է ընտանիքի և ընկերների հետ:

Նրա համար ամենաանմոռանալի տարին եղել է 2010-ը, երբ նա Ամանորը դիմավորել է Իրանում ավտոբուսի մեջ: «Այս տարի Նոր տարին նշելու եմ մեծ շուքով` բաց թողածը լրացնելու համար: 2011-ին բոլորին մաղթում եմ առողջություն, ցանկությունների կատարում և հաջողություններ»: