28 դեկտեմբերի 2010 - 18:59 AMT
Արթուր Ջավադյան. ԱՊՊԱ-ի ներդրումն ունի կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն

Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի մեկնարկը տարվա ռեֆորմային կարևոր նվաճումներից է, գտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «ԱՊՊԱ-ն ունի կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն: Նշված համակարգի ներդրման արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնաս կրած քաղաքացիներին կապահովվի պատշաճ փոխհատուցում»,- ասել է նա:

ՀՀ ԿԲ նախագահն ավելացրել է, որ ԱՊՊԱ-ի ներդրմամբ հայ հասարակությունում կձևավորվի ապահովագրական մշակույթ, ինչը մի կողմից կնպաստի մատուցվող ծառայությունների տեսականու ընդլայնմանը, իսկ մյուս կողմից կբարձրացնի առաջարկվող պրոդուկտների որակը և գործընթացների արդյունավետությունը: «Այսօր աշխատանքներ են իրականացվում նաև ապահովագրության կարևորագույն մեկ այլ տեսակի` բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ»,- հաղորդել է Ջավադյանը: