7 հունվարի 2011 - 12:52 AMT
Նիկոպոլում ավերվել է խաչքար հուշարձանը

Հունվարի 4-ին Նիկոպոլ քաղաքում ժամը 18:00-ին Գագարինի ու Կաշտանովայի փողոցների խաչմերուկում անհայտները ավերել են խաչքար-հուշարձանը: Ընթանում է դատավարություն: Ինչպես հաղորդել է հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը, իրավապահ մարմինները խոստացել են արագ գտնել ոճրագործներին, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Հունվարի 6-ին Նիկոպոլի միլիցիան ձերբակալել է չորս հոգու հայկական հուշարձանի ավերման կասկածանքով: Ըստ Տիգրան Սարգսյանի, Նիկոպոլի հայ համայնքը լուծում է խաչքարի վերականգնման հարցը:

Միևնույն ժամանակ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ազգային հողի վրա ընդհարումներ են տեղի ունեցել Նիկոպոլի հայերի և ուկրաինացիների միջև, ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

2008թ. հոկտեմբերի 11-ին Նիկոպոլի կենտրոնական զբոսայգում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան-խաչքարը: Այն տեղադրվեց հայ համայնքի նախաձեռնությամբ, եղբայրներ Տիգրան և Սմբատ Սարգսյանների կողմից, հուշարձանը պատրաստել էին հայաստանցի վարպետները: